Հարգելի հայրենակիցներ,

20 տարի առաջ, երբ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի ավերիչ ազդեցությունը մեղմելու համար Հայ-Ամերիկյան Մշակույթային Ասոցիացիան /ՀԱՄԱ/ հանձն առավ ձեռք առնել որոշակի քայլեր, ես երբեք չէի կարող պատկերացնել, թե այդ փոքր նախագիծն այսքան կընդլայնվի: Մենք ի սկզբանե նախատեսել էինք Հայաստան ուղարկել միայն մեկ ՄԱՄՈԳՐԱՖ և դրանով սահմանափակել ծրագիրը, բայց պարզվեց, որ դա միայն սկիզբն էր:

Մենք եկանք Հայաստան, քանի որ կրծքագեղձի քաղցկեղի պատճառով կանանց մահացության թիվը մեծ էր: Այսօր ՀԱԱԿ-ը դարձել է ՀՀ-ում քաղցկեղի դեմ պայքարի որոշիչ օղակներից մեկը, որի մասնագետների եզրակացությունների հետ հաշվի են նստում ոչ միայն տեղի, այլև արտասահմանյան մասնագետները: Արդյունքում հազարավոր փրկված կյանքեր են և երջանիկ ընտանիքներ: Կարևորում եմ այն հանգամանքը, որ մեր կենտրոնը սկիզբ դրեց մի շարք ծառայությունների, որոնք մինչև այդ չէին գործում Երևանում՝ հասարակության համար հնարավորություն ստեղծելով օգտվելու բժշկական աշխարհում գործող ամենավերջին նորամուծություններից:

 

Մեր նպատակը` ստեղծել թափանցիկ, հաշվետու և այցլելուների նկատմամբ հարգանքով լի բժշկական հաստատություն, որը ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց ու երեխաներին կշարունակի մատուցել որակյալ բժշկական ծառայություններ, այսօր իրականություն է դարձել նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ, որը ՀԱԱԿ-ին նվիրեց շենքն ու նրա շրջակա տարածքը: Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) մասնակի ֆինանսավորման շնորհիվ իրկանացվեց շինարարություն եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագիր, որի արդյունքն է այսօր հոյակերտ մի շինություն՝ զինված բժշկական նորագույն սարքավորումներով և գերժամանակակից տեխնիկայով:


ՀԱԱԿը կարողացել է վայելել ոչ միայն հասարակության վստահությունը, այլ նաև այլ բժշկական հաստատությունների և բժիշկների հարգանքը, ստեղծել աշխատավայր, ուր բացակայում է կոռուպցիան` աշխատակազմից պահանջելով թափանցիկություն և հաշվետվություն իրենց բոլոր գործողություններում և հոգատարություն այցելուների հանդեպ: Ամեն անգամ փրկելով մեկ մոր կյանք՝ մենք փրկում ենք մի ամբողջ ընտանիք, հետևաբար մի ամբողջ ազգ:
Ես ինձ զգում եմ բավարարված և հոգեպես հանգիստ, որ կարողացել եմ իմ շատ սիրելի ամուսնու՝ վաղամեռիկ Վարդգես Պալյանի և Հրանուշ Հակոբյանի աջակցությամբ իրականացնել երազանքներիցս մեկը՝ ամեն կերպ օգտակար լինել հայրենիքիս, ժողովրդիս, մարդկանց:

Հարգանքներով՝
Ռիտա Պալեան