Պատմություն

Պատմություն
Պատմություն թեմայով նկար

Կյանքերի  փրկության փարոս

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 Ինչպես սկսվեց... 

Նախախնամության կամոք հանդիպեցին սփյուռքահայ բարերար, ամերիկաբնակ Ռիթա Պալեանն ու Ազգային Ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը և նախաձեռնեցին  մի ծրագիր, որը կարող է օգնել հայ կանանց։  Հայաստանի անկախացումից հետո մամոգրաֆիան՝ որպես կրծքագեղձի ախտորոշման միջոց, գրեթե հայտնի չէր։  Կանանց կրծքագեղձի քաղցկեղի մասին ցավալի վճակագրությունն ահազանգում էր հազարավոր կանանց կյանքերի կորստյան մասին։ Հապաղել՝ նշանակում էր չկանխել  հազարավոր երեխաների որբացումը, ընտանիքների տառապանքը։

Ահա թե ինչու այս երկու կանայք ձեռնարկեցին բոլոր հնարավոր ու  անհնարին քայլերը, և 1997թ․  ապրիլին Երևանում հիմնադրեցին եզակի Մամոգրաֆիայի կենտրոնը․ ընդամենը մի քանի սենյակից բաղկացած և երկու մամոգրաֆիայի սարքի առկայությամբ՝ սպասարկելով օրական ընդամենը 4-5 հիվանդի, այո՛, հիվանդի, քանզի երկրում բացակայում էր բժշկին ամենամյա այցելելու մշակույթը։

 Ինչպե՞ս իրազեկել կանանց, կրթել հասարակությանը

Խորհրդային ժամանակներից  եկած մտածելակերպը թույլ չէր տալիս հիվանդին բարձրաձայնել քաղցկեղով հիվանդ լինելու մասին՝ այն համարելով դատավճիռ։ Բժիշկները ևս կաշկանդված էին՝ հիվանդին ճշմարտությունը ասելու հարցում, իսկ հիվանդության տարածման, նրա ողբերգական հետևանքների մասին ուղղակի լռում էին։ Կենտրոնը հիմնադրվելու պահից խնդիր դրեց  ոչ միայն ախտորոշել, այլև իրազեկել հասարակությանը այդ չարիքի ոչ միայն տարածվածության, այլև երիտասարդացման մասին, ոչ միայն  տարեկան հետազոտությունների արդյունքների, այլև կանխարգելման հնարավորությունների մասին։

Հիմնադիրները ստեղծված իրավիճակում ձեռնարկեցին կենտրոնը ընդլայնելու, ինչպես նաև կանանց կրթության, հասարակության իրազեկման միջոցառումներ։  Լրջագույն աշխատանքներ կատարվեցին  Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հետ՝  բժիշկների, օրդինատորների պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ։ Կենտրոնի բժիշկները վերապատրաստման դասընթացներ անցան ԱՄՆ-ի մասնագիտական կլինիկաներում, ինչպես նաև ԱՄՆ-ից ժամանած բժիշկ-ռադիոլոգների մոտ։ Այստեղ ներդրվեցին աշխատանքի կազմակերպման արևմտյան չափանիշներ, արդիական արդյունավետ մոտեցումներ։

Բոլորովին նոր երևույթ դարձան ‹‹Առողջության քայլարշավները››, ‹‹Առողջությանը նվիրված համերգները››, ‹‹Առողջություն›› հեռուստահաղորդաշարերը, ռադիոհաղորդումները։ Մեծ թվով մարդիկ սկսեցին հետաքրքրվել մամոգրաֆիկ հետազոտությամբ, աստիճանաբար ավելացավ կենտրոն հաճախող այցելուների թիվը։ Բնակչության շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրեցին  արտագնա հետազոտությունները, որոնք մոտ 25 տարի անվճար կազմակերպվում են  կետրոնի բժիշկների կողմից՝ Հայաստանի և Արցախի բոլոր տարածքներում։ Կենտրոնը դարձավ ոչ միայն հիվանդների, այլև առողջ մարդկանց այցելության վայր։

Մամոգրաֆիայի հիմնադիրները՝ հայրենասեր, աշխատասեր և կարող կանայք  կենտրոնի ստեղծման պահին  չէին էլ  պատկերացնում,  թե որքան հեռանկարային, անչափ անհրաժեշտ, բնակչության առողջությանը նպաստող  ծրագիր են սկսել, որը   ամեն օր փրկելու  է մարդկային կյանքեր, սեր ու ջերմություն է փոխանցելու մարդկանց, վերականգնելու է հույսն ու հավատը վաղվա օրվա հանդեպ։

 Աջակիցների համախմբումը

Կենտրոնը իր  կազմակերպված, հստակ և արդյունավետ քայլերով կարողացավ շատերի  ուշադրության  առարկան դառնալ։ Նրա աշխատանքներով սկսեցին հետաքրքրվել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը, USAID-ի ղեկավարությունը, որոնք, գործակցելով Հայ-Ամերիկյան մշակութային միության ղեկավար Ռիթա Պալեանի հետ, դարձան Կենտրոնի  գլխավոր հովանավորներից։   Իր շռայլ օգնությամբ աչքի ընկավ նաև   ՀՀ Կառավարությունը, ում  որոշմամբ 2001թ․-ին  Մխիթար Հերացի 5 հասցեում գտնվող  շենքը նվիրաբերվեց Մամոգրաֆիայի կենտրոնին։ Կենտրոնի ընդլայման համար այդ ոչ հարմարավետ շենքը  Ռիթա Պալեանի ամուսնու՝ տաղանդավոր ճարտարապետ Վարդգես Պալեանի մտքի թռիչքի և տքնաջան աշխատանքի շնորհիվ ստացավ նոր շունչ ու ոգի։   USIAD-ASHA ծրագրի մասնակի ֆինանսավորման, հայ բարերարների աջակցության շնորհիվ  մի քանի տարվա ընթաքում վեր խոյացավ աչք շոյող  մի տուֆակերտ  ‹‹գեղեցկուհի››՝ հայկական ճարտարապետական լուծումներով մի հոյակերտ կառույց, որին բնորոշ է առողջապահական միջազգային  չափանիշներին  համապատասխանող ներքին բազմաֆունկցիոնալ կառուցվածք։  Մարդասիրությունը, բարերարությունը, կառավարական օգնությունները առավել համախմբեցին մարդկանց, հասարակությանը, և կենտրոնը բարեփոխեց իր դեմքը, ընդլայնեց  ծառայությունները, հարստացավ նորագույն սարքավորումներով, մեկ ծառայության փոխարեն սկսեց բնակչությանը մատուցել 10-ից ավելի բժշկական օգնության և սպասարկման ծառայություներ։  Այսօր այդ փոքրիկ կառույցը  վերածվել է կայացած  բժշկական հաստատության և կրում է ‹‹Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոն՝ ՀԱԱԿ›› անվանումը։

Կարևորագույն արդյունքը

Սկզբնական շրջանում կենտրոն  այցելում էին ծանր հիվանդ մարդիկ, ովքեր ունեին 3-րդ, 4-րդ աստիճանի քաղցկեղ։ Լայն բացատրական, իրազեկման աշխատանքների արդյունքում, ճշգրիտ ախտորոշման,   մատուցվող ծառայությունների թվի ավելացմամբ Կենտրոնը մեծ ճանաչում ձեռք բերեց։  Այսօր արդեն  մեր ծառայություններից օգտվում են օրական 180-220 մարդ:  Կենտրոնի գոյության ընթացքում կրծքագեղձի քաղցկեղի ճիրաններից փրկվել է  14,547  հայուհի: Անցնող 23 տարվա  ընթացքում կատարվել է 648,857 հետազոտություն, որից 320,969 բաժին է ընկնում կրծքագեղձին: Կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվում է նաև տղամարդկանց մոտ։ Ունենք հետևյալ վիճակագրությունը․ Կենտրոնում հետազոտվել է 1,829 տղամարդ, որոնցից 78-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ:

 Խիստ արդիական՝ նորագույն սարքավորումներով Կենտրոն

USAID-ի, բարերարների և իհարկե,  տիկին Պալեանի  հետևողական ջանքերի շնորհիվ Կենտրոնը հագեցած է տարածաշրջանում եզակի սարքավորումներով, թվայնացված շերտագրող մամոգրաֆ սարքերով, որոնց հզորության շնորհիվ գոյացությունը խոշորացվում է մոտ 1000 անգամ։ Դրա շնորհիվ հնարավոր է դառնում ուռուցքը հետազոտել միլիմետրի ճշգրտությամբ, որն էլ որակյալ ախտորոշման և արդյունավետ բուժման նախապայմանն է։

 ՀԱԱԿ-ը տարածաշրջանում իր բնույթով միակ բժշկական  մասնագիտացված հաստատությունն է, որի բժշկական անձնակազմը պարբերաբար վերապատրաստվում է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների առաջատար կլինիկաներում,    հագեցած է գերժամանակակից տեխնիկայով, օգտվում է  աշխարհում ներդրված  նորամուծություններից և  հնարավորություն է ընձեռնում հայաստանյան հասարակությանը, ինչու չէ նաև մերձավոր երկրների՝  Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Ղազախստանի, Իրանի  բնակչության որոշակի հատվածի  օգտվելու բժշկական որակյալ ծառայություններից։

Կենտրոնին վստահում և նրա ծառայություններից օգտվում են Հայաստանի Հանրապետությունում  հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները, դեսպանները, միջազգային կառույցների ներկայացուցիչները։

Ավանդական  այցեր բնակչության առողջության պահպանման նպատակով

 ՀԱԱԿ-ը իր միջոցներով ամսական մի քանի անգամ կազմակերպում է արտագնա այցելություններ ՀՀ հեռավոր մարզեր և անվճար հետազոտություններ անցկացնում բնակչության շրջանում։

Մինչ օրս Կենտրոնը Հայաստանի 94 հեռավոր քաղաքներում և գյուղերում, իսկ 8 անգամ՝ Արցախում, իրականացրել է 394 բժշկական արտագնա այցելություն։ Այդ այցերի շրջանակներում կատարվել է 25,209 անվճար հետազոտություն՝ ՀԱԱԿ-ի առաջնակարգ բժիշկների կողմից:

 Ի՞նչ տվեց Կենտրոնը՝ Հայրենիքին

  • Հարստացրեց առողջապահական համակարգը՝ ստեղծվեց առաջին մասնագիտացված, գերժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցված Մամոգրաֆիայի կենտրոն,
  • Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի համար դարձավ ուսանողների, օրդինատորների և բժիշկների պատրաստման և վերապատրաստման ուսումնական կենտրոն։ Այսօր Հայաստանում և Արցախում մամոգրաֆիայի ծառայություններում աշխատող բոլոր բժիշկներն անխտիր  աշխատել կամ վերապատրաստում են անցել ՀԱԱԿ-ում
  • Կենտրոնը բարեխիղճ գործատու է, ստեղծել է մոտ 120 բարձր վարձատրվող աշխատատեղ,
  • ՀԱԱԿ-ի  բժիշկները ոչ միայն վերապատրաստվում են արևմտյան հիվանդանոցներում, այլև  ՀԱԱԿ ժամանած ամերիկյան մասնագետների շնորհիվ մշտապես ծանոթանում են ոլորտի առաջավոր փորձին և նորություններին, անցնում վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ,
  • Կենտրոնն ունի մասնաճյուղ Գավառում, որը սպասարկում է տարածաշրջանի բնակչությանը,
  • Կենտրոնի նախաձեռնությամբ և ուժերով  համապատասխան ծառայություն հիմնադրվեց նաև Արցախում,
  • ՀԱԱԿ-ում ներդրվել է ամերիկյան մենեջմենթի համակարգ և կառավարման բարձր մշակույթ,
  • Կենտրոնը նաև օրինակելի հարկատու է և կատարում է իր բոլոր պատավորությունները։
  • ՀԱԱԿ-ումայս տարիներին հետազոտվել են հարյուր հազարավոր մարդիկ և փրկվել է հազարավոր կյանքեր։

Ահա թե ինչպես կարող է Հայաստան-Սփյուռք գործակցությունը, երկու ազգային և նվիրյալ կանանց  համատեղ աշխատանքներն ունենան այսպիսի ազգօգուտ, բարեսիրական,  մարդասիրական արդյունք՝ ամեն օր փրկելով մարդկային կյանքեր․․․

 

 

Պատմություն թեմայով նկար
Պատմություն թեմայով նկար
Պատմություն թեմայով նկար
Պատմություն թեմայով նկար
Պատմություն թեմայով նկար
Պատմություն թեմայով նկար
Copyrights ©2020