ՏՆՕՐԵՆԻ ԽՈՍՔ

ՏՆՕՐԵՆԻ ԽՈՍՔ
ՏՆՕՐԵՆԻ ԽՈՍՔ թեմայով նկար

         ՍԻՐՈՎ  ՍՊԱՍՈՒՄ  ԵՆՔ  ՁԵԶ

 

        Թանկագի՛ն բարեկամ, սիրելի՛ այցելու,

        Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնը (ՀԱԱԿ)  ճանաչված և հեղինակավոր բժշկական հաստատություն է Հայաստանի Հանրապետությունում, և ինձ համար պատիվ է ղեկավարել  այդ համերաշխ, աշխատասեր և ջերմ կոլեկտիվը։

Կենտրոնի աշխատանքը հույժ կարևոր է,  քանզի այն  կոչված է օգտակար լինել հայ կանանց, մայրերին ու նրանց ընտանիքներին, փրկել կյանքեր, նպաստել  մեր  ժողովրդի առողջության պահպանմանը։ 

          Ստանձնած պատասխանատվության գիտակցումը, աշխատանքի նկատմամբ սերն ու նվիրումը օգնել են հաղթահարել  շատ դժվարություններ և մարտահրավերներ, շտկել սխալներ ու թերություններ, ձևավորել 126 հոգուց բաղկացած ամրակուռ աշխատակազմ և առաջ շարժվել ‹‹Որակ յուրաքանչյուր գործում›› կարգախոսով։  Կենտրոնի  բժշկական անձնակազմը մեր հպարտությունն է։ Նրանցից ամեն մեկն իր մասնագիտության մեջ ‹‹վարպետ›› է և շարունակ կատարելագործում է իր որակները, յուրացնում բժշկական նորույթները, զարգացնում կարողությունները։ Նրանք պարբերաբար վերապաստրաստվում են ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների առաջատար կլինիկաներում՝ լավագույն պրոֆեսորների աջակցությամբ հարստացնելով  իրենց գիտելիքներն ու  հմտությունները:

          Կենտրոն այցելած յուրաքանչյուր անձ շրջապատվում է  անձնակազմի հոգատարությամբ, արժանանում ջերմ ու սիրալի վերաբերմունքի, ստանում համապատասխան տեղեկատվություն, սպասարկման ծառայությունները գործում են ներդաշնակ և արդյունավետ։ Նման հաճելի մթնոլորտի, բժշկական սպասարկման բարձր որակի շնորհիվ է, որ օրվա ընթացքում կենտրոն են այցելում 200-ից ավելի անձինք, որոնք  դառնում են մեր հավատարիմ և մշտական այցելուները:

           Ուրախությամբ պետք է փաստեմ, որ Կենտրոնի  գործունեության  տարիներին մեզ վստահել ու հավատացել են հարյուր հազարավոր մարդիկ, արդյունքում՝    կատարվել է ավելի քան 672,556 հետազոտություն: Ամեն տարի հետազոտվում է 45-50 հազար կին: Կենտրոնի հիմնադրման օրից մինչ օրս կատարվել է կրծքագեղձի 329,521 հետազոտություն, և 16,704  կնոջ մոտ հայտնաբերվել  կրծքագեղձի քաղցկեղ։  Ցավոք, կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ունեն երիտասարդացման միտում. մինչև 29 տարեկան 122 կնոջ մոտ հայտնաբերվել է քաղցկեղ: Մեր  Կենտրոնում բժիշկները կարողանում են ճիշտ ախտորոշել, ապա վիրահատել, հեռացնել կրծքագեղձը և, միաժամանակ, արհեստական կերպով այն վերականգնել, ինչի արդյունքում կինը չի զգում օրգանի կորստի ցավը, ստանում է հոգեբանական լուրջ օգնություն՝ առանց խաթարելու ինքնավստահության և լիարժեքության զգացումները, ապրելով մեծ երջանկություն։

         Հայաստանի հեռավոր, անապահով տարածաշրջանների, Արցախի կանանց օժանդակության անփոխարինելի ձև են դարձել պարբերական այցելությունները, և բժիշկների կողմից տեղում հետազոտությունների անցկացումը։ Կենտրոնի մասնագետները 96 անգամ եղել են տարբեր համայնքներում և հետազոտել հազարավոր մարդկանց։ Հիվանդություն  ախտորոշելու դեպքում նրանց շտապ տեղափոխում են Կետրոն և ենթարկում բժշկական միջամտության։

           ՀԱԱԿ-ում կազմակերպվում են գիտաժողովներ, քննարկումներ, վերապատրաստման դասընթացներ Հայաստանի Հանրապետության մամոլոգների, թերապևտների համար։ Կանանց համար  անցկացվում են տարբեր թեմաներով  դասախոսություններ, կլոր-սեղաններ, հանդիպումներ անվանի մարդկանց հետ և այլ միջոցառումներ։ Տեսակապի միջոցով ցուցադրվում են վիրահատություններ, որոնք կատարվում են  ինչպես մեր, այնպես էլ օտարերկրյա բժիշկների կողմից։

     Մեր հիմնադիրների՝ հզոր, բանիմաց, կարող բարերար Ռիթա Պալեանի և պետական-քաղաքական գործիչ Հրանուշ Հակոբյանի երազանքն էր՝ հասնել նրան, որ Կենտրոնում  ոչ միայն բուժվեն հիվանդներ, այլ նախ կանխարգելվի հիվանդությունը,  հայտնաբերվի նախաքաղցկեղային փուլում, և փրկվեն մարդկանց կյանքերը, կանանց շրջանում ձևավորվի ամենամյա հետազոտություն անցնելու մշակույթ։   Ուրախությամբ կարող եմ նշել, որ այսօր արդեն իրականություն է դարձել նրանց երազանքը:

          Ուզում են  սիրով հիշել լուսահոգի, մեր Կենտրոնի ճարտարապետ Վարդգես Պալեանին, որը ցավոք, այսօր մեզ հետ չէ։ Նրա հզոր տաղանդի, մասնագիտական գիտելիքների ու փորձի արդյունքում  մենք ունենք  մայրաքաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկը,  մեր գեզղեցիկ ու տուֆակերտ Կենտրոնը։     

         Սիրով ցանկանում եմ  իմ գոհունակության և երախտագիտության խոսքերը հղել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությանը, USAID-ի ղեկավարությանը, որոնց հովանավորության, դրամաշնորհների արդյունքում Կենտրոնը  զարգացման  աննախադեպ քայլեր արձանագրեց։

          Խորին շնորհակալություն  եմ հայտնում նաև բոլոր բարերարներին, որոնց նվիրատվությունները՝ մեկ դոլարից մինչև հազարավոր դոլարներ, ներդրվեցին Կենտրոնում և նպատակային ձևով ծառայեցին և կծառայեն  մարդկանց։

         Մտահղանալ, ստեղծել, մշակել ծրագիր, կառուցել հոյակերտ Կենտրոն, հագեցնել այն ժամանակակից սարքավորումներով գործի կեսն է միայն, եթե դրանց օգտագործմանը, շահագործմանը չեն լծվել երիտասարդ, խոստումնալից, բանիմաց և կիրթ մարդիկ,  բժիշկներ ու մասնագետներ, որոնք գիտակցում են իրենց առաքելությունը, որոնք ստեղծում են ջերմ ու մարդկային հարաբերություններ՝ ‹‹Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի›› սկզբունքով։

         Ես երջանիկ եմ, որ իմ ներդրումն եմ ունեցել  այս գեղեցիկ ու կարող, մարդկային ու մասնագիտական բարձր որակներ ունեցող բժշկական անձնակազմի և ողջ աշխատակազմի ձևավորման և շոշափելի արդյունքների գրանցման գործում։ Պատահական չէ, որ հայրենական և միջազգային տարբեր կառույցների կողմից Կենտրոնը բազմիցս ճանաչվել է բժշկական օգնություն և սպասարկում մատուցող լավագույն հաստատություն և արժանացել մրցանակների, պատվոգրերի, շնորհակալագրերի։ 

          Կենտրոնը վերածվել է  մի մեծ, համերաշխ ընտանիքի, որի գիրկը բոլորը շտապում են վերադառնալ, որին անվերապահ  վստահում է հասարակությունը․․․

         Մենք մարտահրավերներին դիմակայելու, փորձությունները հաղթահարելու, հրատապ լուծումներ  պահանջող խրթին հարցերում ապավինում ենք  Ռիթա Պալեանին և Հրանուշ Հակոբյանին, որոնց անկոտրում կամքի, հետևողականության ու ջանքերի շնորհիվ Կենտրոնը, նրա կոլեկտիվը իրենց գործունեությունն իրականացնում են օրինականության, թափանցիկության, անկաշառության սկզբունքներին համապատասխան՝ սիրով և անմնացորդ     ծառայելով  Մայր Հայրենիքին և ժողովրդին։

 

          Սիրով՝                Խաչանուշ Հակոբյան
                                                 ՀԱԱԿ գօրծադիր տնօրեն

 

 

 

ՏՆՕՐԵՆԻ ԽՈՍՔ թեմայով նկար
ՏՆՕՐԵՆԻ ԽՈՍՔ թեմայով նկար
ՏՆՕՐԵՆԻ ԽՈՍՔ թեմայով նկար
ՏՆՕՐԵՆԻ ԽՈՍՔ թեմայով նկար
ՏՆՕՐԵՆԻ ԽՈՍՔ թեմայով նկար
ՏՆՕՐԵՆԻ ԽՈՍՔ թեմայով նկար
ՏՆՕՐԵՆԻ ԽՈՍՔ թեմայով նկար
ՏՆՕՐԵՆԻ ԽՈՍՔ թեմայով նկար
Copyrights ©2022Beebrand Agency