2013թ-ի մայիսի 12-ին Հայ Ամերիկյան Առողջության կենտրոնում պաշտոնապես բացվեց վիրահատարանը և կատարվեց առաջին վիրահատությունը` ազդարարելով վիրահատարանի գործունեության մեկնարկը, որի անհրաժեշտությունը առաջ էին քաշել Կենտրոնի այցելուները:
 Ժամանակակից գերմանական սարքավորումներով հագեցած վիրահատարանը տեղակայված է Կենտրոնի 4-րդ հարկում: Այն նախատեսված է տարբեր ծավալի վիրահատությունների համար՝ կապված կրծքագեղձի, որովայնի խոռոչի օրգանների՝ լեղապարկի, լյարդի, ստամոքսի, աղիների, որդանման ելունի հիվանդությունների հետ:

Կատարվում են վիրահատություններ աճուկային, ազդրային, պորտի, որովայնի սպիտակ գծի ճողվածքների բուժման նպատակով: Վիրահատությունները կատարվում են բաց և էնդոսկոպիկ(լապարասկոպիկ) եղանակներով:

 


   Կրծքագեղձի հիվանդությունների դեպքում կատարվում են բոլոր տեսակի վիրահատություններ՝ բարորակ գոյացությունների հեռացումից մինչև չարորակ հիվանդությունների կապակցությամբ կրծքագեղձի հեռացում՝ մաշկի և պտուկի պահպանմամբ, միաժամանակ իմպլանտի տեղադրումով, ինչը հիվանդության բուժումը զուգորդում է լիարժեք կոսմետիկական արդյունքով:

Կատարվում է վիրահատություն՝ PORT-A-CHATH-ի (պորտոկատ) տեղադրում՝ քիմիաթերապիա անցկացնելու համար:

 


    Բաժանմունքում կատարվում են վիրահատություններ արգանդի, ձվարանների, միզապարկի հետ կապված հիվանդությունների դեպքում:

 


    Կատարվում են նաև ուրոլոգիական բաց և էնդոսկոպիկ վիրահատություններ, երիկամների, միզածորանների, միզապարկի, շագանակագեղձի, միզուկի, առնանդամի հիվանդությունների դեպքում։ Կանանց անմիզապահության, տղամարդկանց անպտղության դեպքում  կատարվում է վիրահատական բուժում:

 


    2014թ-ի հունիսից Կենտրոնում կատարվում է պտուկի և մաշկի պահպանմամբ կրծքագեղձի հեռացում՝ միաժամանակյա կրծքի վերականգնումով: Կատավում են նաև քթի, որովայնի առաջնային պատի, ականջախեցու, կրծքի էսթետիկ վիրահատություններ և քթի շնչառության վերականգնում:

 

 

    Վիրահատարանը հագեցած է գերմանական KARL STORZ կազմակերպության սարքավորումներով և Drager Fabius Plus արհեստական շնչառական ապարատով՝ Drager մոնիտորով: Անեսթեզիան իրականացվում է վերջին սերնդի դեղորայքով՝ ինչպես ընդհանուր, այնպես էլ ողնաշարային անզգայացումների դեպքում:

 


     ՀԱԱԿ-ի Վիրահատական ծառայության բժիշկները վերապատրաստվել են ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնակարգ կլինիկաներում: Բացի այդ, յուրաքանչուր տարի երկու-երեք անգամ արտասահմանյան բժիշկներից բաղկացած խմբեր են այցելում կենտրոն և աշխատում կենտրոնի բժիշկների հետ:
Վիրահատական ծառայության բժիշկները տիրապետում են էնդոսկոպիկ վիրաբուժության տեխնիկային և նորագույն գերմանական սարքավորումների օգնությամբ իրականացնաում են լապարասկոպիկ եղանակով վիրահատական միջամտություններ:

 

 

     Վիրահատական ծառայության բժիշկները ակտիվորեն մասնակցում են ամենամսյա արտագնա այցերին, որոնց նպատակն է սեփական ուժերով կենտրոնի բարձրորակ ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի և Արցախի հեռավոր շրջանների բնակիչներին: 

 


   ՀԱԱԿ-ի կոնֆերանս դահլիճում հաճախ կազմակերպվում ևն կլոր սեղան քննարկումներ, գիտական կոնֆերանսներ, սիմպոզիումներ տարբեր թեմաներով, որոնք երբեմն ուղեկցվում են վիրահատություների ցուցադրմամբ՝ ուղիղ միացմամբ: