2001թ-ին ՀԱԱ Կենտրոնում ստեղծվեց Բջջաբանական լաբորատորիա, որտեղ իրականացվում է արգանդի պարանոցի, կրծքագեղձի, վահանաձև գեղձի և մի շարք այլ օրգանների նախաքաղցկեղային հիվանդությունների և քաղցկեղի վաղ ախտորոշում:
   Մանրադիտակով ուսումնասիրվում է բջիջների ձևափոխությունները, որի արդյունքում ախտորոշվում է այս կամ այն պաթոլոգիան:
  Հետազոտությունը, որի միջոցով հնարավոր է արգանդի պարանոցի լորձաթաղանթում հայտնաբերել փոփոխությունները դեռևս նախաքաղցկեղային փուլում կոչվում է Պապ թեստ: Այս թեստի շնորհիվ Կենտրոնի մասնագետները փրկել են բազմաթիվ կանանց կյանքեր:

 

   Կենտրոնում կատարվում է վահանաձև գեղձի և կրծքագեղձի բարակ ասեղային ասպիրացիա (ժողովրդի մեջ ընդունված պունկցիա արտահայտությունը), երբ ռադիոլոգիական և կլինիկական տվյալները բավարար չեն ախտորոշման համար: Հատուկ սարքով՝ բարակ ասեղի օգնությամբ և ուլտրաձայնի հսկողության տակ, նմուշ է վերցվում կասկածելի օջախներից և գոյացություններից, ապա՝ մանրադիտակով ուսումնասիրվում բժիշկ-բջջաբանի կողմից: Բարակ ասեղային ասպիրացիայի օգնությամբ ստացված արդյունքները՝ օգնում են ճիշտ կազմակերպել բուժումը:

  
   Լաբորատորիայի ղեկավարը և կենտրոնի երկու այլ բժիշկներ նուրբ ասեղային ասպիրացայի տեխնիկային տիրապետելու նպատակով ԱՄՆ-ում, Հյուսիսային Կալիֆորնիայի Համալսարանում, անցել են վերապատրաստման հատուկ դասընթաց: Նույն համալսարանում Կենտրոնի բժիշկները վերապատրաստվել են նաև “Ախտորոշում բջջաբանական մեթոդով” ուղղությամբ՝ բժիշկներ Կամիլա Քոբբի և Քեթրին Բերբերյանի անմիջական ղեկավարությամբ: Վերապատրաստվել են նաև Վիեննայի համալսարանի կլինիկայում:

 

  ՀԱԱԿ-ի բջջաբանական լաբորատորիան իրականացնում է ՀՀ տարբեր մարզերի բժիշկ-բջջաբանների վերապատրաստման դասընթացներ:

 

   Ելնելով այն բանից, որ ՀԱԱԿ-ում մոտ 3 տարի գործում է վիրաբուժական բաժանմունքը, անհրաժեշտություն է առաջացել հիմնել հյուսվածքաբանական լաբորատորիա, որի շնորհիվ հնարավորություն կստեղծվի ուսումնասիրել նմուշներ՝ ստացված ինչպես բիոպսիայի արդյունքում, այնպես էլ վիրահատությունից հետո: Կստեղծվի իմունոհիստոքիմիայի բաժանմունք, որը թույլ կտա ճշգրիտ որոշել ուռուցքի ռեցեպտերային ստատուսը և ճիշտ կազմակերպել հիվանդի բուժումը: